«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Դրվագներ Ավետիք Իսահակյանի կյանքից

Դրվագներ  Ավետիք Իսահակյանի կյանքից
30.10.2023 | 18:49

Ավետիք Իսահակյանի մասին հուշերը բացահայտում են նրա մարդկային դրական հատկանիշները, անկեղծությունն ու նուրբ հումորը։

ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ՏԵՍԱԴԱՇՏՈՒՄ

Կիսլավոդսկում հանգստանալիս Ավետիք Իսահակյանը գրեթե ամեն օր զբոսայգում տեսնում է մի գեղեցիկ աղջկա: Եվ ամեն անգամ ուշադիր ու հիացած նայում է նրան: Մի անգամ էլ աղջիկը, համբերությունը հատած, մոտենում է Իսահակյանին ու հարցնում.

-Ծերուկ, ինչու՞ ես այդպես համառորեն նայում ինձ:

-Օրիորդ, ես քեզ չեմ նայում, ես նայում եմ գեղեցկությանը,- պատասխանում է բանաստեղծը:

ՀԱՅԴՈՒԿԻ ԵՐԳԵՐԸ

Իսահակյանը «Դրոշակ» ամսագրում տպագրում է իր «Հայդուկի երգերը»՝ Հայ գուսան գրական անունով։ Մի անգամ Վերնատան հավաքներից մեկի ժամանակ Ղազարոս Աղայանը ասում է․

«Վստահ եմ, որ հեղինակը մեզնից մեկն է, կովկասահայ է, բայց թե ով է, չեմ հասկանում»։

Իսահակյանի դեմքի շիկնանքից շուտով բոլորը հասկանում են, թե ով է հեղինակը։ Աղայանը համբուրում է ճակատն ու ասում․

«Կեցցես, Ավո՛, դու առաջինը եղար, որ երգեց ազգային- ազատագրական պայքարը»։

ՍԵՎԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՉՔՆ Է

40-ական թթ․ խորհրդային ղեկավարությունը որոշում էր կայացրել Սևանի ջուրն օգտագործել ոռոգման նպատակով։ Իսահակյանը պայքարում էր դրա դեմ, որքան ուժ ուներ․

«Ես` Ավետիք Իսահակյանս, և Ամենայն հայոց կաթողիկոսը կոչ ենք անում ձեզ` փակեք Սևանն արյունաքամ անող դարպասները․․․Սևանը հայ ժողովրդի դարավոր արցունքներից գոյացած սուրբ լիճն է»:

«Հասկացե՛ք, մեր չոր Հայաստանի գոյատևման համար Սևանա լճի ջրային պաշարները կյանքի աղբյուր են ոչ միայն ներկայի, այլև ապագայի համար: Սևանը Հայաստանի աչքն է: Նա ուշիուշով նայում է, հսկում ու որտեղ չորություն է, խոնավության կարիք կա, շտապ մի կտոր ամպ է ուղարկում»:

«․․․Նույնիսկ Զվարթնոցը և Գառնիի տաճարը կարելի է վերականգնել, իհարկե, մեծ դժվարություններով և մեծ ծախսերով, բայց կարելի է: Մինչդեռ բաներ կան, որ ոչ մի գնով, ոչ մի ջանքով, նույնիսկ կյանքի գնով չի վերականգնվի, չի շտկվի: Աստված հայերիս նկատմամբ առհասարակ ժլատ է եղել և այս դեպքում մեր մայր հողին պարգևել է մի հրաշք, երկնքից պոկել է մի մարգարիտ և տեղադրել Գեղամա լեռներում՝ 2000 մետր բարձրության վրա․․․ դուք ուզում եք այս հավերժությունը մի քանի տասնյակ տարիների ընթացքում ոչնչացնել, օձերի և կարիճների բնի վերածել. դա հրեշավոր անմտություն է, սրբապղծություն, կա՛նգ առեք… Սևանը Հայաստանի աչքն է»,- ասում էր Վարպետը։

Պայքարը արդյունք տվեց, կառուցվեց Արփա-Սևան ջրատարը, որով Արփան շունչ տվեց հոգեվարք ապրող Սևանին։ Այսօր էլ Սևանը խնդիրներ ունի, ու Վարպետի խոսքերը պետք է մեզ համար ուղենիշ լինեն։

ՄԱՃԿԱԼԻ ԵՐԳԸ

Ավետիք Իսահակյանը նկարիչ Ռուխկյանի հետ դուրս էր եկել դաշտ` զբոսնելու: Երկու գյուղացի վար էին անում: Մաճը բռնած գյուղացին մեղմ ու քաղցր ձայնով երգում էր .

«Մաճկալ ես, բեզարած ես…»:

Լսելով գնում էին նրանց հետևից: Երբ երգն ավարտվեց, մոտեցան, բարևեցին,հետո Վարպետը հարցրերց.

-Ի՞նչ կերգեիր:

-էդ քո խելքի բանը չէ,- պատասխանեց գյուղացին:

-Էդ երգը ես եմ գրել,- ասաց Վարպետը:

Գյուղացին նայեց, ոտքից գլուխ չափեց Վարպետին.

-Գնա գործիդ, էդ մեր գեղի երգն է,- ասաց ու շարունակեց վարը:

ՈՒՐԲԱՆԻՍՏԸ

(Պատմում է թատերագետ Ռուբեն Զարյանը)

«Մեր գրողներից մեկի հետ, որի ազգանունը հարմար չեմ գտնում տալ, կանգնած զրուցում էինք, երբ փողոցով անցնող Իսահակյանը մոտեցավ մեզ։

-Որտե՞ղ էիր, Վարպետ,- հարցրեց գրողը։

-Թալինում։

-Է՛, լա՞վ էր։

-Շա՛տ։

-Իսկի չգիտեմ էլ, թե Թալինը որտեղ է,- ասաց գրողն ու հարցրեց,- ի՞նչ ճանապարհով, ո՞ր կողմով պետք է գնալ։

-Հիմիկվա գրողներդ,- ասաց Վարպետը,- Հայաստանը չեք ճանաչում, չգիտեք երկիրը, չեք լինում գյուղերում։

-Ես գյուղը չեմ սիրում,- արդարացավ գրողը։

-Մեր ժողովրդի արմատը գյուղացին է. պետք է տեսնել, թե ինչպես է ապրում, կենցաղը, լսել նրա ոճերը, դարձվածքները։

-Չէ՛, չեմ սիրում, – վրա էր բերում գրողը նույն կատակ տոնով, չնկատելով Իսահակյանի դեմքի մռայլը։

-Դե՛, դուք ինչ գրողներ եք, գրում եք առանց ժողովրդի մեջ լինելու։ Մի հինգ գիրք կարդում եք և դրանց հիման վրա գրում մի նորը` վեցերորդը։

-Ես գերադասում եմ քաղաքի ժխորը։

Տեսնելով, որ դրությունը լրջանում է, մթնոլորտը մեղմելու նպատակով, ասացի կատակով.

-ՈՒրբանիստ է։

-Սա ուրբանիստ չէ, այլ թումբանի՛ստ, -վրա բերեց Վարպետը ու շարունակեց ճանապարհը։

ՏՐԱՄՎԱՅԸ

Իսահակյանի հետ փողոցի մի մայթից անցնում էինք մյուս մայթ։ Տեսնելով, որ տրամվայ է գալիս, Վարպետը կանգ առավ, ինձ էլ ձեռքով նշան արեց, որ չշտապեմ։ Վագոնավարը տեսնելով բանաստեղծին կանգնած, տրամվայն անմիջապես կանգնացրեց ու դռնակը բացեց.

-Խնդրեմ, Վարպետ։

Իսահակյանը, որ թեև տրամվայ նստելու միտք չուներ և մեր ճանապարհն էլ բոլորովին այլ կողմ էր, անհարմար զգաց չընդունել առաջարկը։ Դարձավ ինձ.

– Բարձրանա՛նք։

Վագոնը լի էր մարդկանցով։ Անմիջապես տեղ ազատեցին նրա համար։ Ես, որ կանգնած էի մնացել, նայում էի Վարպետի դեմքին։ Իրեն լավ էր զգում։ Մի փոքր անց կողքի տեղն ազատվեց։ Նստեցի։

– Երբ քեզ բարի են ուզում` առ, մի մերժիր, թեկուզ և այդ րոպեին դրա կարիքը չունենաս էլ։

Մի որոշ տարածություն անցնելուց հետո իջանք։ Վարպետը շնորհակալություն հայտնեց վարորդին։ Ես երբեք չեմ մոռանա նրա աչքերի արտահայտությունը. այդ հաղթանդամ մարդը մի հեզ հայացքով ուղեկցում էր Վարպետին, երջանիկ այն գիտակցությամբ, որ գեթ մի անգամ իրեն բախտ վիճակվեց «պատվել» իր մեծ ժամանակակցին։

ԾԵՐՈՒԹՅՈՒՆԸ

Վարպետն ասաց.

-Շատ տարիներ առաջ էր։ Այն ժամանակ Փարիզ էի։ Փայլուն մրցանակ խոստացան նրան, ով մի բառով կարտահայտի ամենանվիրական հասկացողությունը։

Մի պահ լուռ մնաց և ապա շարունակեց խոսքը.

-Շատերը մասնակցեցին. մեկն ասաց` սեր, մի ուրիշը` հայրենիք, երրորդը` կյանք, մեկն էլ թե` ազատություն, ուրիշները` կարոտ, ձգտում, հմայք և այսպես շարունակ։

Լռեց։

-Եվ ինչ եք կարծում, ո՞վ շահեց մրցանակը։

Նայեց շուրջը նստածներին։ Ոչ ոք ձայն չհանեց։

– Շահեց նա, ով որ ամենանվիրական հասկացողությունը հայտարարեց ծերությունը։

Բոլորս էլ անակնկալի եկանք։ Վարպետը ժպտաց և ապա հայացքը կենտրոնացնելով մեկի վրա, որ նայում էի իրենց տարակուսանքով, բացատրեց.

– Հապա, սիրելի՛ս, այդպես է, ծերութունը իր մեջ ամփոփում է մնացած բոլոր հասկացողությունները։

ՃԻՇՏ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆԸ

Վարպետի կյանքի վերջին շրջանում մի անեկդոտ էր շրջում քաղաքում։

Իսահակյանը հիվանդ էր ու ժամ առ ժամ լուրեր էին տարածվում, թե մահացել է։

Մի անձնավորություն պարզելու համար զանգում է Իսահակյանի բնակարան։ Հեռախոսը վերցնում է Վարպետը։

-Վարպետ դու՞ք եք, զարմացած ու շփոթված հարցնում է նա։

-Ես եմ, -պատասխանում է Իսահակյանը։

-Բա ասում էին․․․

-Ի՞նչ, որ մեռե՞լ եմ։ Որտե՞ղ էին ասում։

Մարդը տալիս է մի հեղինակավոր հիմնարկի անուն։

-Հա, -ասում է Իսահակյանը,-Եթե իրենք են ասում, ուրեմն ճիշտ է։

(Ըստ Վահագն Դավթյանի հուշերի)

ՊԱՏՇԱՃ ՊԱՏԱՍԽԱՆ

Ծերության տարիներին Ավետիք Իսահակյանը սովորություն էր ձեռք բերել գրել անկողնում պառկած: Մի անգամ նրան է այցելում մի թղթակից: Կինը դիմում է գրող ամուսնուն.

-Ավո, դու չես կարծում, որ թղթակցի հետ զրուցելը պառկած վիճակում, այն էլ՝ անկողնում, պատշաճ չէ:

-Ինչ կա որ, սիրելիս,-դիմում է կնոջը մեծ բանաստեղծը,- եթե կարծում ես այդպես անհարմար է, նրա համար էլ մի անկողին պատրաստիր:

ՓՐԿՎԱԾ ՄԱՏՈՒՌԸ

Աբովյան 15 հասցեում գտնվող Կաթողիկե մատուռ-եկեղեցին կանգուն մնացած երևանյան ամենահին շինությունն է։ Այն քանդելուց փրկել է Իսահակյանը՝ այդ մասին խնդրելով Խորհրդային Հայաստանի ղեկավար Գրիգոր Հարությունյանին։

«Սա իմ փրկածն է», - հաճախ հպարտությամբ ասում էր նա՝ Աբովյան փողոցով անցնելիս։ Ապա մտնում էր բակ, գլխարկը հանած երկար կանգնում եկեղեցու առաջ։

ՀԵՌՈՒՍՏԱՑՈՒՅՑԸ

Իսահակյանն առաջիններից էր, որ ունեցել է հեռուստացույց և ռադիո։ Հեռուստացույցի մասին խոսելիս ասում էր․

«Այս արկղը մեր սերունդներին կփչացնի»։

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 8506

Մեկնաբանություններ